հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Օրենքի նախագծով կարգավորվելու է ՍԴ հանրաքվեի անցկացման կարգը․ Հովակիմյանի առաջարկն ընդունվեց

Օրենքի նախագծով կարգավորվելու է ՍԴ հանրաքվեի անցկացման կարգը․ Հովակիմյանի առաջարկն ընդունվեց

Այս տարի աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, որպիսին Հայաստանի անկախ պատմության ընթացքում դեռեւս չէր եղել։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Ըստ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի, որի հեղինակը հենց Հովակիմյանն է, առաջարկվում են մեխանիզմներ՝ կասեցված հանրաքվեն վերսկսելու համար:

Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, Սահմանադրությունը թողնում է օրենքով կարգավորման։

«Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանրաքվեի մասին օրենքում այդ կարգավորումը որեւէ կերպ ամրագրված չէ, բացառությամբ մի նշման, որ ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նախագահը 3 օրում նշանակում է հանրաքվե՝ ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ այդտեղ կա խնդիր։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է շարունակվելու այդ հանրաքվեն, քանի որ եղել են հանձնաժողովներ, կողմեր, հիմնադրամներ, պարտավորություններ։ Հովակիմյանը հայտարարեց, որ նախագծի էությամբ փորձել է կարգավորել այս գործընթացը։ Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի նախագիծը եթե ընդունվի, տարածվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա, եւ այն վերսկսվելու է սույն օրենքով սահմանված կարգով:

Նախագծով կարգավորվում է նաեւ հանրաքվեի չեղարկման հարցը։ Այն է, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հովակիմյանը պարզաբանեց, որ եթե ռազմական դրության պայմաններում հանրաքվեն չեղարկվի, եւ եթե արդեն ընտրված լինեն հանձնաժողովի անդամները, այդ անձինք, նույնիսկ կամավորական սկզբունքներով, իրավունք չունեն մասնակցելու զորահավաքի։ Այս խնդիրը, Հովակիմյանի համոմզմաբ, շատ կարեւոր է, եւ այս չեղարկման ինստիտուտի ներդրմամբ նաեւ պետական անվտանգության հարցն է լուծվում։

Հանձնաժողովում օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն, պատգամավորներից շատերը կողմ քվեարկեցին դրան։

  • Կիսվել: