երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Որ օրը մենք չեղանք իշխանություն, որոշ լրագրողներ գնալու են ֆայլաբազարում կանգնեն. Կոնջորյանը երկրորդում է Փաշինյանին

Որ օրը մենք չեղանք իշխանություն, որոշ լրագրողներ գնալու են ֆայլաբազարում կանգնեն. Կոնջորյանը երկրորդում է Փաշինյանին

Դա եղել է սադրանք ընդդիմադիր գործչի կողմից և ԱԺ նախագահը հայտնվել է այդ սադրանքի կենտրոնում։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ մուտքի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին։

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչությունում այդ հարցը քննարկելու օրակարգ ես չեմ տեսնում։ Ես համաձայն եմ, որ պաշտոնյաները պիտի լինեն ավելի հանդուրժող, ավելի զուսպ, դա մեր հանրային պարտավորություն է, բայց ես ուզում եմ նաև, որ դուք չմոռանաք, որ պաշտոնյաները մարդիկ են, որոնք ևս ունեն իրավունքներ և ունեն արժանապատվություն։ Մասնավորապես, երբ որոշ քաղաքական շրջանակներ, քաղաքական ակտիվիստներ, հղում անելով պաշտոնյաների զսպվածության պարտավորությանը, խախտում են մարդու արժանապատվության հիմնարար նորմերը, հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են, սեռական հայհոյանքներ են տալիս, դրանով սադրելով մարդուն դնում են մի այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ստիպված է պաշտպանվել և պաշտպանել իր արժանապատվությունը, հետո պետք չի գալ և ասել՝ բայց դուք պաշտոնյաներդ պիտի լինեք զուսպ։

Անկախ մարդու կարգավիճակից ՀՀ ն յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի սահմանադրության նորմը, այն է՝ մարդու արժանապատվության իրավունքը։ Բնականաբար, ես համաձայն եմ, որ մենք պաշտոնյաներս պիտի լինենք մի քանի անգամ ավելի ուրեմն զուսպ, մի քանի անգամ ավելի պատասխանատու, քան թե այն քաղաքացիները, որոնք չեն զբաղեցնում հանրային պաշտոններ, բայց այս դեպքում խոսքը քաղաքացու և պաշտոնյայի միջև պարզ հարաբերության մասին չէ, խոսքը քաղաքական ակտիվիստի, կուսակցական գործչի կողմից իրականացված սադրանքի մասին է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է լրագրողներին, իսկ ինքն էլ երեկ որոշ լրագրողների անվանեց «վաքսի վրի մեյմուն», Կոնջորյանն ասաց. «Նախ ես մեծագույն հարգանք ունեմ այն լրագրողների նկատմամբ, որոնք կատարում են իրենց լրագրողական պարտականությունները, գնում են ճշմարտության որոնման հետքերով, հանրությանը մատուցում են ոչ ֆեյք տեղեկատվությու, բայց այն մարդկանց նկատմամբ, որոնք լրագրողական բեյջի տակ ծվարել են որպես քարոզչական մարտագլխիկներ և ուղղված են Հայաստանի դեմ, որոնք լրագրողական բեյջի տակ թաքնված իրականացնում են քաղաքական ակտիվիզմ, ահա այդ մարդիկ լրագրող չեն, նրանք լրագրողական բեյջի տակ թաքնված քարոզչական մարտագլխիկներ են, որոնք իրենց ստի և կեղծիքի թույնով ամեն օր թունավորում են Հայաստանի ժողովրդին, հանրությանը, ՀՀ քաղաքացիներին։

Նրանք, որոնք կատարում են քաղաքական պատվերներ, փողով գրում են հոդվածներ, որոնք ընդհանրապես թքած ունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա, ես համարում եմ, որ այդ մարդիկ լրագրող չեն, և այո, այդ մարդկանց ես ասում եմ՝ վաքսի վրի մեյմուններ»,–ասաց Կոնջորյանը։

Նա կրկնեց Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ այդ «այսպես կոչված լրագրողների մի մասը գնալու է մեզ է ընտրելու»։

«Որովհետև որ օրը մենք չեղանք իշխանության, իրենք գործ չեն ունենալու, իրենք պետք չեն լինելու, իրենք լինելու են անպետք, որովհետև իրենց փող տվողները, որ հիմա փող են տալիս, որ մեզ սևացնեն, իրենց փող չեն տալու։ Իրենք այո, գնալու են ֆայլաբազարում կանգնելու են օրվա հացի խնդիր լուծելու համար, ու իրենք չեն գնահատում այսօրվա ժողովրդավարությունը։ Ընդ որում, ինձ ընդհանրապես չի անհանգստացնում, երբ մեզ տհաճ կամ սուր հարցեր են տալիս, որովհետև դա մեր պարտավորությունն է, մենք պիտի հաշվի նստենք դրա հետ։ Խնդիրը դա չի, խնդիրը այն է, երբ լրագրողների անվան տակ մարդիկ զբաղված են նպատակաուղղված, քարոզչությամբ և կատարում են իրենց ֆինանսավորողների քաղաքական պատվերները։ ԱԱյդ մարդիկ այսօր, այո, Հայաստանի ժողովրդավարության համար վտանգ են ներկայացնում»,– հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը։

  • Կիսվել: