ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական. Ռուբեն Հայրապետյան

Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական. Ռուբեն Հայրապետյան

Ես գտնում եմ, որ մեր երկրում պետք է ամեն ինչ արվի Սահմանադրությամբ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ԳՇ հայտնի հայտարարությանը:

Նա նշել է որ այս օրերին ուսումնասիրել է Սահմանադրության համապատասխան հատվածը. ՛՛Ժամանակին, երբ որ այդ Սահմանադրությունը գրվել է, ԳՇ-ին վերաբերող հատվածը գրվել է հենց այդպես նրա համար, որ որեւէ վարչապետ`ով որ լինի, ինչ կուսակցություն էլ գա, չկարողանա ԳՇ պետին փոխել`զուտ այն պատճառով, որ մենք գտնվել ենք պատերազմական իրավիճակում, եւ ԳՇ պետի հաճախակի փոփոխությունները կբերեն բանակի համար մեծ աղետների, ինչը որ մենք տեսել ենք: Ես կարծում եմ, Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական՛՛:

Խոսելով այն մասին, թե այս հայտարարությամբ ԳՇ-ն եւ բանակի ղեկավարությունն ազատվո՞ւմ են արդյոք այն պատասխանատվությունից, որը կրում են պատերազմի եւ դրա արդյունքի համար՝ Հայրապետյանն ասել է. ՛՛Եթե հետաքննության լինի եւ պարզվի, թե ի՞նչն է այս պարտությունների պատճառը…Մոսկվայից նստած, հեռահար ինչ-որ բաներ ասել`ճիշտ չի լինի իմ կողմից: Նման գործելաոճի սովոր են այսօրվա ապիկար իշխանությունները, երբ իրենց վերապահում են դատավորի, քննիչի, դատախազի դեր եւ սկսում են մեղադրել մարդկանց՛՛:

Նա նշել է, որ որեւէ մեկին չի ցանկանում ոչ մի բանում մեղադրել կամ դատապարտել, քանի չի եղել հետաքննություն, եւ չեն պարզվել իրական պատճառները: ՛՛Բնականաբար, մեղավորներն այսօրվա ռազմաքաղաքական իշխանություններն են: Մասնագետները գնահատականներ տվել են`չի եղել նորմալ կառավարում: Ես ավելին չեմ կարող գնահատել, մինչեւ չլինեն հետաքննությամբ ապացուցված պատճառները՛՛,-ասել է Հայրապետյանը

 

  • Կիսվել: