Ողջունելի է խաղաղության հասնելու ցանկացած փորձ. ԵԽ-ում Կիպրոսի պատգամավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագրի մասին
Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համատեքստում ողջունելի է համարել խաղաղության հասնելու ցանկացած փորձ, եթե այն հաշվի է առնում աշխարհաքաղաքական իրողությունները:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոխորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Եվրոպան պետք է պաշտպանի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ «Եվրոպան, անշուշտ, կարող է վճռորոշ դեր խաղալ և, իմ կարծիքով, պարտավոր է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Այն պետք է վճռականորեն միջամտի՝ վերջ դնելու Հայաստանի պատմական տարածքները տենչացող պետությունների ախորժակին»,-նշել է նա՝ ցավով արձանագրելով, որ Եվրոպան գործադրում է երկակի ստանդարտներ, ինչպես դա տեղի է ունենում նաև իր հայրենի Կիպրոսի դեպքում։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։