Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք ուզում եք Արցախից վերջնականապես հրաժարվել․ Ռուստամյանն՝ իշխանության ներկայացուցչին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ նիստում հայտարարեց, թե ողջամիտ կասկած ունեն, որ իշխանությունն Արցախից հրաժարվել է։
«Մենք անընդհատ մի զավեշտալի իրականության ենք բախվում. երբ փորձում ենք արժևորել, կարևորել Արցախի հարցը, մեզ միշտ ասում են, որ ավելի կարևորված ու արժևորված ձև ունենք, այդ ձևով ենք աշխատում»,- ասաց նա։։
Պատգամավորը մատնանշեց այն հանգամանքը, որ Արցախի անկախության 30-այմակը ցածր մակարդակով է նշվել։ Նա նաև հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում Արցախի հարցը քննարկել են, իշխանությանն ասել է՝ միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը շատ ավելի բարձր մակարդակով է գործում, և դրա մակարդակը չպետք է իջեցվի՝ այլ հանձնաժողով ստեղծելով։
Դիմելով իշխանության ներկայացուցչին՝ Ռուստամյանն ասաց․
« Պարզվեց, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի հետ, որն ընտրվել է 2020-ին, ոչ մի նիստ չի գումարվել այդ հանձնաժողովի շրջանակում: Այսքանից հետո մերժում եք հանձնաժողովների ստեղծման գաղափարը, ընդհանրապես Արցախ անունը և մեզ մի բան եք ասում, որն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Արցախի 30-ամյակն ենք նշել. այսքան ցածր մակարդակով երբեք որևէ հոբելյան չի նշվել: Այսքանից հետո ուզում եք մեզ համոզել, որ Արցախն ավելի՞ եք կարևորում: Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք ուզում եք Արցախից վերջնականապես հրաժարվել»,-ասաց Ռուստամյանը:



