ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ ԳՄ կոչը՝ միջազգային հանրությանը

Ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ ԳՄ կոչը՝ միջազգային հանրությանը

ՀՅԴ ԳՄ-ն հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ, դիմելով միջազգային հանրությանը, կոչ է անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով այս անգամ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիսարեւելյան հատվածը, այդ թվում հրետակոծվել են նաեւ խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտված են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ եւ հայրենանվեր հակազդման շնորհիվ:

Թուրքիայի Հանրապետությունն անթաքույց հայտնում է իր սատարումն Ադրբեջանի զավթողական գործողություններին՝ հերթական անգամ ապացուցելով ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը: Դեպի Հայն ու Հայաստանը ուղղված նրանց կույր ատելության դեմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղվող սրբազան պայքարով: Պատմության ընթացքում բազմիցս է ապացուցվել հայրենիքի պաշտպանության հարցում հայոց միասնականությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես միշտ, իր աշխարհասփյուռ կառույցով վճռականորեն կանգնած է Հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը չպետք է անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դեպքում` այն կործանարար կլինի ինչպես փխրուն զինադադարի, այնպես էլ տարածաշրջանի համար:

Ուստի, դիմելով միջազգային հանրությանը, կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»։

 

  • Կիսվել: