երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
 Ոչ ոք չի պատրաստվում ընտրել նրան․ Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Ոչ ոք չի պատրաստվում ընտրել նրան․ Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Դա աբսուրդ է, նախ Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ և թեկնածություն առաջադրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ՔՊ-ն բացառո՞ւմ է, Բագրատ Սրբազանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելը։

Դիտարկմանը, որ իրավունք ունի, եթե փոխվի Սահմանադրության համապատասխան հոդվածը, Սիմոնյանն ասաց․ «Այսինքն, հրապարակը որ ճնշի Սահմանադրությունը պետք է քանդե՞նք։ Դա հակասահմանադրական է»:

Լրագրողները հիշեցրին, որ Փաշինյանի կոչով էլ դատարաններն են շրջափակվել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց․ «Եթե ժողովուրդը հավաքվում է դատարանի մոտ, դառնո՞ւմ է սահամանդրական կարգի տապալում։ Նման բան չկա, չի քննարկվում ու ես զարմանում եմ, որ մարդիկ մտածում են նման բան գեթ մեկ մարդ կարող է քննարկել։ Ոչ մի արտառոց բան իշխանության մոտ չի կատարվում, մենք շատ ուրախ ենք, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացներ են»։

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի ասածին, թե որտեղ կանգնած է զինվորը, դա էլ մեր սահմանն է, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Լավ, իսկ դա արդյո՞ք նշանակում է, որ վաղը, եթե ասենք ընդհարում լինի, որը հնարավոր է, Ադրբեջանի և Հայաստանի զորքերի միջև, ադրբեջանական զորքը գա Աննա եկեղեցու դռան դիմաց կանգնի, Բագրատ Սրբազանը դա ասելու է։ Բագրատ Սրբազանը, քաղաքականությունը և իրավունքը իրարից հազարամյակներով և կիլոմետրերով հեռու են։ Գոյություն ունի սահման, որը մենք քննարկում ենք։ Ինչի՞ ենք մենք տարեթվերից խոսում, այլ ոչ թե ինչ-որ վերացական քարտեզ վերցնում, որովհետև դրանց վրա կա իրավական հիմք, որն Ադրբեջանի կողմից էլ է հաստատված։ ՀՀ սահմանն այն սահմանն է, որով ՀՀ-ն անկախացել է»։

  • Կիսվել: