երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Ո՞վ ասեց, որ մենք կողմ ենք քվեարկելու». Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին

«Ո՞վ ասեց, որ մենք կողմ ենք քվեարկելու». Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին

ԵՄ անդամության գործընթացը ՀՀ ժողովրդի կամքն է և մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, որոշում ենք կայացնելու, դրանից հետո պարզ կլինի՝ ինչ անել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ:

«Բայց ես չեմ կարծում, որ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություններ ունենա դրա հետ կապված և չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը  կարող է խնդիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, որ հայկական և ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել: Կարող ենք քննարկել, լուծումներ գտնել, բայց Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչ ինչն է բխում իր շահերից և ինչը չի բխում իր շահերից»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ԱԺ-ում ԵՄ անդամակցության գործընթացին կողմ քվեարկելը կարելի  է համարել ԵՄ անդամակցության ճնապարհին առաջին քայլ, նա ասաց. «Նախ, ո՞վ ասեց, որ մենք կողմ ենք քվեարկելու: Մենք սխալ կողմից ենք գալիս։ Այն, ինչը ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է: Մեղադրել Հայաստանին, որ Հայաստանը փորձում է իր անվտանգությունը, իր գոյությունը ապահովել... դա չի կարող սխալ լինել:

Ես չեմ կարծում, որ սա առաջին քայլն է, սա քայլերից մեկն է»:

  • Կիսվել: