շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել Երևանում. ՔՊ-ականը` Մամիջանյանին

Ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել Երևանում. ՔՊ-ականը` Մամիջանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արձագանքել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այսօրվա հայտարարությանը:

Մամիջանյանը, հիշեցնենք, ասել էր. «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ասաց. «Լրահոսում աչքովս ընկավ, որ ԱԺ պատգամավորներից մեկը ԱԺ միջանցքներերից մեկում ճեպազրույց էր տալիս եւ բացի այն, որ ինչ-որ խորհրդավորություն էր հաղորդում իր խոսքերին, եւ փորձում էր նաեւ երկիմաստություն մտցնել, խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում ժողովրդին, նա չխորժեց հանդես գալ բռնության կոչով՝ ասելով, որ արյամբ է փոխվելու Երեւանը:

Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է ընդամենը` ձեր անձնական շահն ու նկրտումները իրականություն դարձնելու համար:

Ես կարծում եմ՝ ՀՀ ամեն մի քաղաքացու արյուն պետք է թանկ լինի Հայաստանի ԱԺ պատգամավորի համար: Ես հասկանում եմ ձեր աշխատելաոճը, ապրելաոճը՝ կեղտոտ ջրում ձուկ որսալու, դրա համար ձեր բոլոր խոսափողերը միացված են, տարբեր մարդիկ տարբեր հարցազրույցներ ու ճեպազրույցներ են տալիս: Նաեւ հասկանում եմ՝ ինչից է դա գալիս, որովհետեւ բանաձեւի արդյունքում մանդատ շահած պատգամավորը գուցե չի հասկանում քաղաքացու եւ իր մանդատի միջեւ եղած կապը»», - ասաց Վարդանյանը:

Նա Մամիջանյանին խորհուրդ տվեց այնպես անել, որ ՀՀ քաղաքացին կիսի իր կարծիքը:

  • Կիսվել: