Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքի մարդկանց մոտ
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունից հայտնել են, որ իրենց ստեղծած փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ անվտանգ է և իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների մոտ, այդ թվում` տարեցների:
Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է CNN-ը, պատվաստանյութի անվտանգության փորձարկումների փուլի արդյունքում ստացված տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցը միայն աննշան կողմնակի ազդեցություն է ունենում, սակայն իմունային արձագանք է առաջացնում բոլորի մոտ:
Գիտափորձին մասնակցել են 18-71 տարեկան կամավորներ: Նրանք բոլորը 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ:
Նշվում է, որ գիտափորձի բոլոր մասնակիցների մոտ չեզոքացնող հակամարմիններ են առաջացել, որոնք ապաակտիվացնում են վիրուսը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստանալուց հետո ամենատարածված ախտանշաններն են եղել թուլությունը, գլխացավը, մկանային ցավն ու դողը: Սակայն ախտանշանների մեծ մասը վերացել են երկու օրվա ընթացքում:


