Նշմարվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացից ՍԴ-ին լրիվ մեկուսացնելը. Պետրոսյան
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իշխանություն-ՍԴ զարգացումներին և նշել, որ իշխանության քայլերը գուցեև միտված են հետագայում որպես ավելորդ օղակ ՍԴ-ն վերացնելուն:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է.
«Ո՞վ կբացատրի...
Ներկա իշխանությունը կառավարման ղեկը վերցնելիս ժողովրդին դյութեց այն խոստումով, որ <<ժողովուրդն է որոշելու ամեն ինչ՝ Հանրապետության հրապարակից>>... Շատերը հավատացին...
Իսկ հիմա՝ այդ խոստումից ընդամենը տարիուկես անց, իշխանությունը նախագիծ է ներկայացրել՝ Սահմանադրությունն առանց ժողովրդի մասնակցության փոփոխելու մասին...
Որպես քողարկված նպատակ՝ նշմարվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացից Սահմանադրական դատարանին լրիվ մեկուսացնելը՝ գուցե հետագայում այն, որպես ավելորդ օղակ, վերացնելու համար...
Ինչի՞, հրապարակն է զբաղվա՞ծ, տեղ չկա՞ կանգնելու, թե՞ ժողովուրդն է հրաժարվում իր իրավունքներից...
Ո՞վ կբացատրի...»