շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելն է. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

Նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելն է. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու հարցը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Նրա խոսքով՝ Վարշավայի նպատակը համանախագահության ձևաչափի վերականգնումն է, և այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ էին սկսվել, սակայն Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունները խոչընդոտել են այդ ուղղությամբ հետագա քայլերի իրականացումը:

Անդրադառնալով Երևանում և Բաքվում Զբիգնև Ռաուի հանդիպումներին՝ դիվանագետը նշեց, որ դրանց վերաբերյալ ավելի մանրամասն հաղորդագրությամբ առաջիկայում հանդես կգա Վիեննայում գործող ԵԱՀԿ մամուլի խոսնակը:

«Համաձայն պայմանավորվածության` Վիեննայում գործող ԵԱՀԿ մամուլի խոսնակն առաջինն է հայտարարությամբ հանդես գալու, և հուսով ենք, որ այդ հայտարարությունը միայն դրական կլինի։ Այս փուլում որևէ բան խոստանալն անիրատեսական է։ Սպասենք մամուլի խոսնակի հայտարարությանը»,- նշել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում օրեր առաջ տեղի ունեցած բանակցությունները բավական անկեղծ են եղել։ Չեպլակն ընդգծել է, որ կողմերը ծանոթացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միմյանց մոտեցումներին, և Ռաուն Հայաստանին է ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ առաջարկներ:

  • Կիսվել: