երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Նոյեմբերի բախումները ոչ թե Ղարաբաղում էին, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. ԵԱՀԿ տնօրենի տեղակալ

Նոյեմբերի բախումները ոչ թե Ղարաբաղում էին, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. ԵԱՀԿ տնօրենի տեղակալ

Այսօր Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակում, որի ժամանակ ելույթներով հանդես են եկել եվրոպացի պատգամավորներ: Նրանք իրենց դիրքորոշումն են հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ:

Մասնավորապես՝ ԵԱՀԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևին ասել է. ՛՛Իրադրությունը տարածաշրջանում դարձյալ լարված է: 44-օրյա արյունալի պատերազմից մեկ տարի հետո նոյեմբերի կեսին բախումներ եղան արդեն ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչն անհանգստացնող է: ԵՄ-ն արձագանքեց այդ լարվածությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Միշելը զանգահարեց երկու կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, կոչ անելով վերջ տալ լարվածությանը, պահպանել հրադադարը: Նոյեմբերի 20-ից հետո կրակոցներ չեն եղել, զոհեր չկան, բայց լարվածությունը չի թուլացել: Նոյեմբերի 19-ին եվրահանձնաժողովի նախագահը նորից է հեռախոսազրույց ունեցել երկու հանրապետությունների ղեկավարների հետ և առաջարկել է խնդիրը քննարկել դեկտեմբերի 15-ին՛՛:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կապը պաշտպանության նախարարների մակարդակով՝ կանխելու վերջին դեպքերի կրկնությունը: Դևին նաև ընդգծել է, որ նոյեմբեր 26-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որի ժամանակ կողմերը հանդես եկան իրադրության կայունացման օգտին, սահմանների սահմանազատման ու սահմանագծման  երկկողմ համաձայնության օգտին՝ Ռուսաստանի միջնորդությամբ: ՛՛Ընդ որում՝ դա կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, ինչը վիճելի է՛՛,-հավելել է նա:

Ապա Դևին շարունակել է. ՛՛Երկրորդ՝ նրանք հայտարարեցին, առանց մանրամասնություններ ներկայացնելու, որ որոշակի հաջողության են հասել: Սակայն Հայաստանը շարունակում է պնդել, որ դեռևս գերիներ կան Ադրբեջանում, ինչը Բաքուն մերժում է:

Կողմերը քննարկել են նաև տնտեսական հարցեր, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը: Հայաստանը չի ընդունում ՛՛միջանցք՛՛ հասկացությունը, քանի որ դա նշամակում է, որ ինքը չի հսկելու այդ ճանապարհը: Այդ ուղիները ենթադրում են կապ Ադրբեջանի արևմտյան մասի ու Նախիջևանի միջև, այնուհետև՝ Թուրքիայի հետ՛՛:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Միսնկի խումբը մնում է միակ ձևաչափը, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության հարցով: ՛՛Որքան Էլ Ադրբեջանը վստահեցնում է, որ հարցը լուծված է, վերջին բախումները հակառակն են ապացուցում: Աշնանը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները երկու անգամ հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, նախատեսված է հանդիպում նաև Ստոկհոլմնում: Իրադրությունը լարված է, բայց, մեր կողմից, պատրաստակամություն կա աջակցելու իրավիճակի կարգավորմանը՛՛,-ասել է Դևին:

  • Կիսվել: