երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետ չկա, որ ռուսները պետք է գան և ՀՀ տարածքում ինչ-որ բան վերահսկեն. Պապոյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետ չկա, որ ռուսները պետք է գան և ՀՀ տարածքում ինչ-որ բան վերահսկեն. Պապոյան

Ենթադրում եմ՝ մինչև Ադրբեջանում ընտրությունների ավարտը դժվար թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հանդիպում լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ենթադրում է, որ Մեղրիով անցնող ճանապարհը պետք է վերահսկեն ռուսական ԱԴԾ-ի ուժերը, Պապոյանն արձագանքեց. «Այդ հայտարարության մեջ կետ չկա, որ ռուսները պետք է գան այդտեղ ինչ-որ բան վերահսկեն: Նման կետ գոյություն չունի: Երբ կարդում ենք այդ կետը, հասկանում ենք, որ դա նրա մասին է, որ Հայաստանն ընդամենը պետք է ճանապարհ տրամադրի եւ Հայաստանը պատրաստ է դա տրամադրել: Հիմա էլ պատրաստ ենք տրամադրել մեր օրենսդրությանը համապատասխան:

Երկրորդ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի կետ կա՞, որտեղ ՌԴ-ն ու Ադրբեջանը ինչ-որ բան պարտավորվել էին անել ու արել են: Չկա այդպիսի կետ: Այն բոլոր կետերը, որ պարտավորվել էին անել, չեն արել:

Մենք չենք խախտում այդ հայտարարությունը, որովհետեւ այն ձեւակերպումը, որ դուք տվեցիք, այնտեղ չկա: Դա երազանքների, ցանկությունների դաշտից է, այդպես չի կարելի մեկնաբանել:

Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելուց առաջ թող ղարաբաղցիները վերադառնան ԼՂ, թող ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից, թող միջանցքը գործի, ՌԴ-ն թող իր խաղաղապահներով միջանցքում եւ մնացած տարածքներում իրականացնի իր գործառույթները: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում նման կետեր կան, բայց ձեր նշած կետը գոյություն չունի»,- հայտարարեց Պապոյանը:

  • Կիսվել: