Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից մենք էլ ենք դժգոհ՝ ադրբեջանական կողմն էլ. Ալեն Սիմոնյան
Հաագայի դատարան որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հանգամանքը Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր հարթակներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացրած որոշմանը, որով պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների եւ բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը:
«Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու, առնվազն խոստանում եմ դա»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ 2023-ը բեկումնային է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորելու հարցում, ԱԺ նախագահն ասաց. «Ես չգիտեմ՝ ինքն ինչ նկատի ունի, որովհետեւ նա մի օր մի բան նկատի ունի, հետո պարզվում է՝ ուրիշ բան նկատի ուներ, հետո պարզվում է ինքը ներքին լսարանի համար էր ասում: Անշնորհակալ գործ եմ համարում մեկնաբանել իր ասածները: Մենք մեր երկրի շահերն առաջ տանելու, մեզ համար լավ պայմաններ ստանալու ուղղությամբ պետք է աշխատենք»:
Հարցին՝ ո՞վ պետք է լինի այն միջազգային երաշխավորը, որը պետք է ապահովի ԼՂ ժողովրդի իրավունքները, նա պատասխանեց. «Ով կարող է իրականացնել դա հողի վրա: Եթե ենթադրենք, ինչ-որ մի երկիր ցանկություն ունի, բայց չի կարողանալու իրականացնել, այդ համաձայնագիրը ուժ չի ունենալու: Հիմա ձեւական ինչ-որ բան կնքել, հետո ասել՝ չի գործո՞ւմ... Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է ինչ-որ երաշխիք ունենան: Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, արդյոք այդ հարցում առաջընթաց կա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Այս պահին տեղեկություն չունեմ, որ որեւէ արձագանք կա, իսկ հնարավոր հանդիպումների քննարկումներ մշտապես կան, բազմաթիվ առաջարկներ կան բոլոր հնարավոր տեղերից»:
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Սիմոնյանը ասաց, որ նման տեղեկություն չունի:



