շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նորընտիր ընդդիմության հռետորաբանությունը հեղափոխությանը հաջորդող ռևանշի հայտ է. պատգամավոր

Նորընտիր ընդդիմության հռետորաբանությունը հեղափոխությանը հաջորդող ռևանշի հայտ է. պատգամավոր

Հեղափոխության հարթակից որոշվել է, որ վենդետա և հետապնդումներ չեն լինելու, և այսօր շատերը մեղադրում են մեզ թուլության համար, այստեղ է, որ մենք խախտել ենք հեղափոխությունների ներքին տրամաբանությունը: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն մեթոդներով, որով դու գալիս ես իշխանության, այդ մեթոդներով էլ պիտի պահես իշխանությունը: Պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր՝ բռնությամբ իշխանության եկողը բռնությամբ է պահում այն, արյամբ իշխանության եկողը արյամբ է պահում այն, խաղաղությամբ եկողը խաղաղությամբ է պահում այն:

Մենք տեսնում ենք, որ նորընտիր ընդդիմությունը, որոնց իշխանությանը գալը նշանավորվել է արյամբ, մեզ մեղադրում են տարբեր հարցերում: Այնինչ խնդիրը սովորական ռևանշի ձգտման մասին է: Այն հռետորաբանությունը, որը դրսևորվում է, հեղափոխությանը հաջորդող ռևանշի հայտ է:

2018-ին ժողովուրդը հեռացրել է ոչ լեգիտիմ իշխանությանը, և երբ նախկին իշխանությունը փորձ է անում վերադառնալու, ձևավորում է մի նարատիվ, որ ժողովուրդը լեգիտիմ չէ: Եվ այսօր կանգնած ենք ժողովրդի իշխանության իրացման կարևոր հանգրվանի առջև: Նախորդ ամիսներին եղան ժողովրդի իշխանության հափշտակման փորձեր: Հիմա մենք ժողովրդից ստացած մանդատը վերադարձնում ենք, որպեսզի ժողովուրդը նորից այն իրացնի, դրա հետ նրանք չեն հաշտվում՛՛:

Կոնջորյանը կոչ արեց, իր խոսքով, նորահռչակ ընդդիմադիրներին դուրս գալ փողոց՝ առանց թիկնապահների, գնալ գյուղեր, մտնել բակեր, շփվել գյուղացիների հետ և լսել՝ ինչ են մտածում իրենց մասին:

՛՛Դա հայելի կլինի, որի մեջ դուք կտեսնեք ձեր իշխանության հետևանքները: Այն պատկերը, որը տեսնելու եք, ձեզ համար չափազանց տհաճ է լինելու, բայց դա այն է, ինչ ստեղծել եք տասնամյակներ շարունակ, և չեք կարողանալու վերադարձնել այն մղձավանջը, որը պարգևել եք ժողովրդին՛՛,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: