հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը վախեցած, նստած սպասում է իր վճռին․ Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը վախեցած, նստած սպասում է իր վճռին․ Արթուր Վանեցյան

Այս իշխանությունները միայն զբաղված են մեկ հարցով․ փորձում են պահել իշխանությունը, որևէ այլ գործողություն չեն իրականացնում, իշխանությունը պահելու համար անգամ մեր հայրենիքի՝ Արցախի 75 տոկոսը հանձնեցին, զոհեցին հազարավոր տղաների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այսօր ՀՀ սահմանները վտանգված են, Հայաստանի Հանրապետությունն ամեն օր փոքրանում է։ Գրեթե ամենօրյա ռեժիմով ունենում ենք զոհվածներ, գերեվարվածներ, վիրավորներ, խայտառակ տեսարաններ, երբ հայ զինվորը չի դիմադրում թշնամուն, ունենում ենք մի խայտառակ ասուլիս, որի ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առանց ամաչելու հայտարարում է, որ իր կյանքի ամենամեծ ցավը եղել է այն, որ մաքսային ծառայողին դրոշի նկատմամբ վատ վերաբերմունքի համար պատժել է և դրանից բունտ է հասունացել։ Չստացված փիառ ակցիան իր համար ամենացավալին էր»,-ասաց Վանեցյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով 41 ք/կմ-ը զավթել է թշնամին, Սյունիքը կտրվել է միջպետական ճանապարհից, գյուղերը շրջափակման մեջ են, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասում է՝ 80 էջանոց ուղերձը ինքը նստել, գրել է, դրա համար կանչել է նաև Անվտանգության խորհրդի անդամներին, որ քննարկեն, բայց չեն քննարկում, թե անվտանգության սպառնալիքներին ինչպես դիմակայեն, նույնը պատերազմի առաջին օրերին էր, դիմակայելու մասին մտածելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ոտանավոր էր գրում և հրապարակում։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրանք չեն կարողանալու մնալ իշխանության։

«Ժամկետները կախված են նրանից, թե հանրությունը մեզ աջակցելո՞ւ է այդ հարցում, թե ոչ։ Այսօր մենք փողոցում ունենք հասարակական–քաղաքական գործիչների կողմից կազմակերպված շարժում, որը թափ է հավաքում, ուզում եմ կոչ անել բոլորին մասնակցել շարժման գործողություններին։ Շարժման մասնակիցներին նաև ուզում եմ խնդրել հստակ պահանջներ ներկայացնել, ոչ թե պահանջել փաստաթուղթ հրապարակել, հիմա ինքը կասի, որ փաստաթուղթ չկա։ Ես իմ շրջապատում մի տերմին են օգտագործում՝ որպես նիկոլագետ ձեզ ասում եմ՝ այս մարդը վախեցած, նստած սպասում է իր վճռին, ճակատագրին, թե ինչ է լինելու։ Եթե նրա հետ մտնենք դիսկուրսի մեջ, թե ինչ փաստաթուղթ ես հրապարակելու, երկրում չկա մի մարդ, որն իրեն այս դիսկուրսում կարող է հաղթել»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև սահմանազատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները։ Չի կարող այս երկրում որևէ մեկն իմանալ Հայաստանի սահմանները՝ ճշգրտությամբ։ Դա ասում եմ որպես մարդ, որն անվտանգության ոլորտի մասնագետ է, մարդ, որը Սահմանապահ զորքերի ղեկավարն է եղել։ Հայաստանի Հանրապետությունը չունի 100 տոկոս՝ միլիմետրի ճշգրտությամբ սահմանների նկարագիր։ Խորհրդային միության ժամանակահատվածում Սովետական Հայաստանը սահման ունեցել է միայն Իրանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ մենք ունեցել ենք վարչական սահմաններ, իսկ վարչական սահմանները պետական սահմաններից էականորեն տարբերվում են»,-մանրամասնեց նա։

Արթուր Վանեցյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը «գծվել» է արյամբ, և սա պաթոս չէ: Ըստ նրա՝ Փաշինյանն իրական սպառնալիքներից չի խոսում, օրինակ, սպառնալիք է նաև արտագաղթը։

«Պաշտոնական տվյալներով 100,000 մարդ արտագաղթել է մեր երկրից, ասում է՝ պարզեցի Սյունիքի այս գյուղերում 250 ընտանիք կա։ Այ տղա՛, գոնե 250 ընտանիք կա, հիմա իրենք էլ են գնալու։ Ի՞նչ եք անում, հայաթափում եք, վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու է ու ասի, թե ասֆալտի որակը նայեք։ Ասֆալտը գլխիդ կպնի, թող չլինի, բայց նորմալ երկիր լինի»,-ասաց նա։

Լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին, թե օպերատիվ կապն Ադրբեջանի հետ, բացի  իրենից էլ ով է ապահովել, Արթուր Վանեցյանն ասաց, որ չի կարող անունը նշել, պետք է կառավարությունից հետաքրքրվել, միայն ասաց, որ այդ անձը հիմա էլ է պաշտոնյա։ Նա նաև հերքեց, թե խոսքը վերաբերում է Սուրեն Պապիկյանին կամ Արսեն Խառատյանին։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էր, չպե՞տք է հետաքրքրվեր, թե ինչ են խոսում Ադրբեջանի հետ, բացի սահմանին վերաբերող հարցերից, Վանեցյանն արձագանքեց․ «Մենք չենք հետևում, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատակիցներին»։

Լրագրողներն արձագանքեցին, որ փաստորեն Վանեցյանն ակնարկեց, որ քաղաքական հարցերով օպերատիվ կապն ապահովել է Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչ։

  • Կիսվել: