կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին

Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ:

Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:

Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:

Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ։

  • Կիսվել: