հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը: Ի թիվս այլ հարցերի՝ վարչապետը պատասխանել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններին վերաբերող հարցին:

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ Վլադիմիր Պուտինը կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների, նրա հետ ի՞նչ հարաբերություններ ունի՞՝ աշխատանքայի՞ն, անձնակա՞ն, թե՞ դա երկու պետության գործն է, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք, և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել: Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է»:

  • Կիսվել: