երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը

Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ կառավարությանը

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:
 
«Նիդերլանդների Քրիստոնեական միություն խմբակցության նախաձեռնությամբ կոալիցիոն չորս ուժերն առաջարկեցին բացել դեսպանություն Երևանում: Ցանկանում ենք սատարել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Այս քաղաքական քայլով մենք ցանկանում ենք արտահայտել առևտրի ծավալների ավելացման հանձնառությունը: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ընդգծեց խորհրդարանականը:
 
«Ինչու հիմա» հարցն, ըստ նրա, ունի հստակ պատասխան` երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա շատ լավ ուղերձ է Երևանին` ցույց տալու Նիդերլանդների աջակցությունը՝ ավելի ամուր հիմքերի վրա կանգնելու կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում, ուժեղացնելու դատական համակարգը: «Դրանով մեր ընկերությունների, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն գործունեություն ծավալելու Հայաստանում ավելի կայուն միջավայրում»,-նշեց նա:
 
Պատգամավորը խորհրդարանում քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Նա նկատել է, որ Սիրիայում հայերի նկատմամբ հարձակումները հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը:
 
«Լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան հարձակվում է ինքնիշխան պետության` Սիրիայի վրա: Հայերը կրկին հետապնդվում են, անգամ սպանվում, ինչպես օրեր առաջ Ղամիլշիում ահաբեկչության զոհ դարձան երկու հայեր: Մենք ականատես եղանք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մեր խորհրդարանը ևս դատապարտել է այն, և մենք շարունակում ենք ճնշումները կառավարության վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց Ջոել Ֆորդևինդը, ով նաև Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի համանախագահն է:

  • Կիսվել: