ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիդերլանդները պատրաստ է աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը․ դեսպանը վերահաստատել է

Նիդերլանդները պատրաստ է աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը․ դեսպանը վերահաստատել է

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը  նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ և նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպումից որոշ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների առարկայական դիրքորոշման և Հայաստանի ժողովրդավարական առաջնահերթություններին աջակցելու համար:

ԱԺ նախագահն անդրադարձավ հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից: Դրանք են՝ խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման շուտափույթ իրականացումը և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Նա ընդգծեց տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը՝ նշելով, որ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատեց տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը:

Կողմերն անդրադարձան միջխորհրդարանական կապերի զարգացմանը և հետագա համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը:

  • Կիսվել: