կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Նեզավիսիմայա գազետա»-ում հակահայկական հոդվածի հետքերով ՌԴ-ում ՀՀ դեսպանը դիմել է դատախազություն և Ռոսկոմնադզոր

«Նեզավիսիմայա գազետա»-ում հակահայկական հոդվածի հետքերով ՌԴ-ում ՀՀ դեսպանը դիմել է դատախազություն և Ռոսկոմնադզոր

«Նեզավիսիմայա գազետա» ռուսական պարբերականում Սումգայիթում հայերի ջարդերի մասին հոդվածը նոր զարգացումներ է ունենում. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ հոդվածում հրապարակված տեղեկությունների հիման վրա դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն:

««Նեզավիսիմայա գազետա» պարբերականից մենք չենք պահանջի հերքում, քանի որ կարծում ենք՝ այդ թերթի հրապարակումը վայրագություն է և քրեորեն հետապնդելի: Առաջին հերթին, մեր կարծիքով, դրա պատասխանատվությունը կրում է պարաբերականը, որը լիցենզավորված ձեռնարկություն է: Մեր իրավաբանների կարծիքով, այդ հրապարակմամբ թերթը խախտել է ԶԼՄ մասին օրենսդրությունը: Այդ հոդվածի հրապարակումը քրեական հոդվածնեի խախտումների փունջ է, ինչի կապակցությամբ դիմել եմ դատախազությանը՝ պահանջելով սկսել ուսումնասիրություն ազգատյացության, քսենոֆոբիայի և կրոնական անհանդուրժողականության տարածման փաստի առթիվ»,- «Говорит Москва»-ին ասել է դեսպան Վարդան Տողանյանը:

Նշենք, որ այդ պարբերականում հոդվածագիր Լև Ակսերևը գրել էր, որ 1988-ին սումգայիթյան իրադարձությունների թիկունքում կանգնած են եղել Բաքվի և Ստեփանակերտի Գրիգորյան եկեղեցու հոգևորականները, որոնք էլ պատրաստել են հայ քարոզիչ-գրոհայիններ: Տողանյանը նաև կասկածներ է հայտնել հոդվածում ներկայացված փաստական տվյալների կապակցությամբ՝ նշելով, թե հայտնի չէ՝ ինչ արխիվային նյութերի մասին է խոսքը և որքանով են դրանք լուրջ, արդյոք խեղաթյուրված չեն: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ դիմել է նաև «Ռոսկոմնադզոր»՝ բարձրացնելով թերթի պատասխանատվության հարցը:

«Պետք է պատասխանատու գտնել ու հասկանալ, որ այս պարագայում խոսքը պարզ զրպարտության մասին է, ատելության հրահրման մասին: Այդ պատճառով էլ դիմել ենք դատախազություն ու Ռոսկոմնադզոր՝ պարզելու արդյոք խախտվել են լրատվամիջոցների լիցենզավորման պայմանները և ԶԼՄ մասին օրենսդրությունը», -հավելել է Վարդան Տողանյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: