շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներկայիս իրավիճակը տանում է դեպի հումանիտար աղետ. բրիտանացի պատգամավորի՝ ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկման ժամանակ

Ներկայիս իրավիճակը տանում է դեպի հումանիտար աղետ. բրիտանացի պատգամավորի՝ ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկման ժամանակ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրար հետ խոսեն ազնվորեն և հավատով՝ որպես լավ հարևաններ խաղաղ ապրելու համար: Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է բրիտանացի պատգամավոր Ջիլ Մորթիմերը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում համախմբվելու ԵԱՀԿ-ի ջանքերի շուրջ` խաղաղություն և կայունություն ապահովելու համար՛՛:

Բրիտանացի պատգամավորի խոսքով՝  ներկայիս իրավիճակը տանում է դեպի հումանիտար աղետ.  ՛՛ցուցարարները՛՛, որոնք փակել են Լաչինի միջանցքը, խորացնում են ճգնաժամը:

՛՛Անկախ իրենց շարժառիթներից՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են խորացող ճգնաժամի վատթարացմանը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերին կոչ եմ անում վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անվտանգ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Սա՛ է լուծումը՛՛, - շեշտել է քաղաքական գործիչը։

Խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին՝ պատգամավորը հիշեցրել է, որ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ երկկողմ տեղաշարժը:

Նա նաև հավելել է, որ հակամարտության սարսափելի և անխուսափելի հետևանքները կանխելու առաջին քայլը կարող է լինել Լաչինի միջանցքի բացումը:

 

  • Կիսվել: