հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ներկայացվել է Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքը

Ներկայացվել է Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքը

Օգոստոսի 27-ին Կառավարության նիստի հագեցած օրակարգում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքը:

«Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ էր և մնում էր հողով ծածկվի։ Պուրակի կառուցման հարցը դեռևս բնակիչների ու մարզպետարանի բանակցությունների փուլում է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պուրակն այնուամենայնիվ կառուցվելու է ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է»,- ասաց Ղուլարյանը։

Նա նշեց, որ Այգեպարում ևս նախագծվել և պատրասատվել են 70 երկաթբետոնյա ապաստարաններ, որոնց կառուցումը կսկսվի առաջիկա երկու օրերին: Գյուղի դպրոցը ևս ապաստարան կունենա։ Ղուլարյանը նաև անդրադարձավ Չինարի գյուղում գնդակոծված բնակելի տան վերակառուցման աշխատանքներին, որտեղ այժմ ընթանում են նկուղի սյուների ու պատերի աշխատանքները:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։ ՀՀ կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 302 մլն 618,7 հազար դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել է Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։


  • Կիսվել: