Նենց եք խոսում՝ չիմանամ ՀՅԴ-ից եք, կմտածեմ ամենալիբերալ կուսակցությունն եք. Թունյանը՝ Խաչատրյանին
Մենք խոսում ենք կոնկրետ բաների մասին, դուք էլ մեզ քննադատում եք, լավ եք անում, բայց պարոն Մինասյան, երբ ասում եք. «ստում եք», դա արդեն քննարկում չէ, դա վիրավորանք է: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
«Ստել նշանակում է միտումնավոր ճշմարտությունը իմանալով մատուցել մեկ այլ բան։ Մենք նման բան չենք անում, ինչ կա՝ դա ենք ասում։ Հիմա պարոն Ավետիսյանը ասում է՝ ո՞նց վստահ լինենք, որ խոսքը եք տվել կկատարեք: Վստահ մի եղեք, մենք ձեզ չենք խոստանում, մենք տնտեսվարողներին ենք խոստանում, ձեզ ինչի՞ պիտի խոստանանք: Մեկ է՝ 100% էլ համոզենք, մեկ է գալու եք կամ կողմ քվեարկեք, կամ ձեռնպահ: Այսօր էլ քվեարկություններ ունենք, հիմա չեմ ասի՝ ինչի մասին, որպեսզի վարման կարգով չվերածվի չգիտեմ ինչի, հետո կհիշեցնեմ, թե մեր ընդդիմությունը որ նախագծերին ոնց քվեարկեց։ Դա էլ մեր իրավունքն է»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ նախագծերի քննարկումներ են եղել, որոնց ընդդիմադիրները չեն մասնակցել:
Դիմելով ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանին, Թունյանն ասաց. «Երբեմն ես նայում եմ ձեր ելույթները, որ չիմանամ ՀՅԴ-ն ինչ գաղափարախոսության կուսակցություն է, կարող եմ մտածել, որ ամենալիբերալ կուսակցությունն եք: Նենց բաների կարող եք կողմ քվեարկել, որ անգամ ամենալիբերալ ուժերը չեն անում։ Դուք էլ ձեր մեջ կողմնորոշվեք: Ես էլ հետ գնամ, հիշեցնեմ, թե այսինչ գաղափարին ո՞նց էիք վերաբերվում, այնինչ գաղափարին ո՞նց էիք վերաբերվել:
Ամեն նիստին հիշում եք գույքահարկը, կադաստրային արժեքները, այսօր մենակ պետական պարտքի մասին չհիշեցիք, էլ առիթ կլինի, կհիշեք։ Ուզու՞մ եք ձեր խմբակցությունից մարդիկ ցույց տան, որոնք ինձնից լավ կհիմնավորեն, թե գույքահարկի ռեֆորմը ինչով է անհրաժեշտ։ Ուղղակի չարեցին այն ժամանակ, ինչի՞ չարեցին, որովհետև վախեցան անել, որովհետև այդքան քաղաքական կապիտալ չունեին ու վախենում էին, որ այդ ռեֆորմը, որ ինչքանով էլ որ ճիշտ լինի, ամեն դեպքում ոչ պոպուլյար է։
Հիմա մինչև այսօր ինձ ու պարոն Պողոսյանի մարդիկ գիտեն, թե այդ գույքահարկը մեր սեփական անձնական նախաձեռնությունն է, մանուկ հասակից մտածել ենք, ո՞նց հետո բերենք այստեղ մի օր գույքահարկը ավելացնենք, հետո էլ այդ գումարը պիտի դնենք մեր գրպանը։ Այդ ռեֆորմը արվել է դաշտը կանոնակարգելու համար, համայնքների եկամուտները ավելացնելու համար և գույքահարկը եղել է այն ռեֆորմը, որը թույլ է տվել հարկման սոցիալական արդարությունը որոշ չափով վերականգնել: