շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նախընտրական շրջանը փորձում են օգտագործել Երևանում ինքնակամ շինություններ կառուցելու համար. Տիգրան Ավինյան

Նախընտրական շրջանը փորձում են օգտագործել Երևանում ինքնակամ շինություններ կառուցելու համար. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Տիգրան Ավինյանը խորհրդակցությունը սկսեց ելույթով, որտեղ մտահոգություն հայտնեց, որ Երևանում, օգտվելով նախընտրական վիճակից, փորձում են տարատեսակ ինքնակամ շինություններ կառուցել․

«Նախընտրական շրջանում Երևան քաղաքում փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել տարբեր ինքնակամ շինություններ կառուցելու համար։ Մեր արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ։ Ոչ միայն պետք է կասեցվի դա, այլև պետք է քանդվի, ու՝ մաքսիմալ արագ»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։ 

«Օգոստոս ամսվա ընթացքում իրականացվել են 31 քանդման աշխատանքներ, որոնցից 8-ը բենզալցակայաններ են։ Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Այս պահին սկսում ենք Արամի 60 հասցեում իրականացնել քանդման աշխատանքները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։ 

Ըստ Ասատրյանի՝ Արամի 60 հասցեում՝ Եղիշե Չարենցի թանգարանի շենքի վերնահարկում, հունիսի 3-ին անօրինական շինություն է կառուցվել։ Այսօր առավոտյան էլ, համապատասխան փորձագիտական տվյալները ստանալուց հետո, սկսվել են քանդման աշխատանքները։

  • Կիսվել: