ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախկինում Սերժ Սարգսյանն էր որոշում, թե ով դառնա պատգամավոր, հիմա այդպես չէ. Անդրանիկ Քոչարյան

Նախկինում Սերժ Սարգսյանն էր որոշում, թե ով դառնա պատգամավոր, հիմա այդպես չէ. Անդրանիկ Քոչարյան

«Միշտ վճռական պահերին Սերժ Սարգսյանը երկրում չի եղել, բայց նա եղել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, հանձնաժողովը անպայման հարցեր ունի՝ ուղղված իրեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը նպատակ ունի աշխատանքների ավարտին հանձնաժողով հրավիրել Սերժ Սարգսյանին և նրանց հարցեր ուղղել՝ որպես նախկին գերագույն գլխավոր հրամանատարի:

Լրագրողները նկատեցին, թե նախկինում Սերժ Սարգսյանը սովոր էր, որ խորհրդարանը գնա իր մոտ, և ոչ հակառակը, ինչին ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Նախկինում գնում էին Սերժ Սարգսյանի մոտ, որովհետեւ Սերժ Սարգսյանը ինքն էր որոշում, թե ով պետք է դառնա պատգամավոր: Հիմա այդպես չէ, դրա համար էլ Հայաստանում փոխվեց ամեն ինչ, դրա համար լավ կլինի, որ նախկին իշխանավորներն արագ հասկանան այդ փոփոխության խորքային իմաստը եւ համագործակցեն համապատասխան մարմինների հետ, ինչպիսին է մեր քննիչ հանձնաժողովն է»:

Ա. Քոչարյանը նաև նշեց, որ, իր կարծիքով, Սերժ Սարգսյանը չի մերժի նիստերին մասնակցելու հրավերը, որովհետև հակառակ դեպքում կարող է կասկածի տեղիք տալ:

«Ըստ Սահմանադրության՝ ամենակարևոր որոշում կայացնող իրավասու մարդը գերագույն գլխավոր հրամանատարն է։ Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր, ի՞նչ էր անում Հայաստանից դուրս, ե՞րբ է իրեն զեկուցվել, հարցեր են չէ՞, պետք է կարողանանք ճշտել, երբ իրեն զեկուցեցին ինքն ի՞նչ հրահանգ իջեցրեց համապատասխան կառույցների ղեկավարներին, դրանց մեջ ովքե՞ր էին մտնում, այդ հրամանն ի՞նչ արագությամբ կատարվեց, թե՞ չկատարվեց։ Դրանք հարցեր են, բա ո՞ւմ տանք, բա հո Ռոբերտ Քոչարյանին չենք տա, Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ով են հարցեր տալիս, Սերժ Սարգսյանին, բնականաբար, ապրիլյանով, որովհետև ինքն է եղել գերագույն հրամանատարը»,-ասաց Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը։

ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաև, թե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մենք հետախուզության հետ կապված խնդիրներ չե՞նք ունեցել արդյոք: Անդրադառնալով այս հարցին՝ Ա. Քոչարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են ոչ միայն հետախուզության հետ կապված խնդիրները, այլև՝ հրետանու, ինչպես նաև՝ ռազմաօդային, հակաօդային, կանխարգելող բոլոր միջոցառումները: «Մենք շտաբային համակարգի ամբողջ ծավալով ուսումնասիրություններ ենք անում՝ Գլխավոր շտաբի, օպերատիվ վարչության…»,-նշեց Քոչարյանը։

  • Կիսվել: