երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Այսօր ԱԺ-ում լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը. ԱՆ

Այսօր ԱԺ-ում լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը. ԱՆ

Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանն անդրադարձել է խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողների և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջև գրանցված միջադեպին։ 

Ճեպազրույցը սկսելուց առաջ նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ խոսելու է պայմանով, որ իր խոսելու ընթացքում լրագրողները իրեն չեն ընդհատելու։ Ճեպազրույցը, սակայն հարթ չէր ընթացել, Սրբուհի Գալյանը զրույցի կեսից ընդհատել էր իր խոսքն ու հեռացել՝ որպես պատճառ նշելով այն, որ լրագրողներն իրեն ընդհատել են։ 

Միջադեպի վերաբերյալ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում արել է հետևյալ գրառումը.  

«Համագործակցությունը լրատվամիջոցների հետ եղել և մնում է Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից

Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորում է լրատվամիջոցների դերը՝ որպես հանրային կյանքի, ժողովրդավարության և իրավական գործընթացների կարևոր գործընկեր։ 

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը, ցավոք, խոչընդոտեց բնական և կառուցողական հաղորդակցությանը։

Նախարարությունը վստահ է, որ պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա։

Հիշեցնում ենք, որ նախարարությունը բաց է երկխոսության համար և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձևաչափեր՝ գործընկերային մթնոլորտի և արդյունավետ հաղորդակցության շարունակականության համար»։ 

 

  • Կիսվել: