Արաբական աշխարհը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարվածներն Իրանին
Մի շարք արաբական երկրների, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կոչ են արել Իսրայելին դադարեցնել մարտական գործողություններն Իրանի դեմ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Նախարարները խիստ մտահոգված են Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Նրանք նշել են, որ «Իսրայելը պետք է դադարեցնի Իրանին հարվածներ հասցնելը, քանի որ ներկա ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար», և որ «ռազմական միջոցներով չի կարելի ապահովել հակամարտության երկարաժամկետ կարգավորումը»։ Փաստաթուղթը ստորագրող պաշտոնյաները պահանջել են ձեռնպահ մնալ միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից, ապահովել միջազգային ջրերում նավագնացության ազատությունը և ծովային անվտանգությունը։
Փաստաթղթում կոչ է արվում իրանական միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների ճանապարհով, ինչպես նաև «Մերձավոր Արևելքում ստեղծել միջուկային զենքից ու զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ գոտի, որը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր պետությունները»։
Հայտարարությունն ստորագրել են Ալժիրի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբիայի, Մավրիտանիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։