Սպահանի նահանգում իսրայելական հարվածներից 3 մարդ է զոհվել
Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել Սպահանի նահանգի Քաշան քաղաքին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով, հայտարարել է նահանգի փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:
«Մեր իսլամական հայրենիքի դեմ սիոնիստական վարչակարգի դաժան ագրեսիայի ընթացքում այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան, արկ է ընկել Քաշանի հսկիչ անցակետում, զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել», - ասել է նա։
Ավելի վաղ Սալեհին հայտնել էր, որ Սպահանի ՀՕՊ համակարգերը խոցել են մի քանի փոքր անօդաչու թռչող սարք։ Դրանից մեկը խոցվել է Քաշանի օդային տարածքում. այն ուղղություն էր վերցրել դեպի Նաթանզի միջուկային օբյեկտ։
Mehr գործակալությունը նաև հաղորդում է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզ քաղաքի երկնքում, իսրայելական օդային թիրախներ են ոչնչացնում: Ավելի վաղը NourNews գործակալությունը հայտնել էր Թավրիզում երկու պայթյունի մասին։
Միևնույն ժամանակ Իրանի Press TV հեռուստաալիքը հաղորդել է, որ երեք նավ է այրվում Օմանի ծոցում՝ Իրանի ափերի մոտ: Այրվող նավերը գտնվում են Հորմուզի նեղուցից ոչ հեռու, որով անցնում է Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի արտահանման գլխավոր երթուղին: Հեռուստաալիքը չի նշում միջադեպի պատճառը: Իսրայելի կողմից Իրանի տարածքային ջրերում նավերի վրա հարվածների մասին հաղորդագրություններ չկան:
Մերձավոր Արևելքում իրադրությունը շարունակում է մնալ լարված, Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները չեն դադարում արդեն հինգ օր։