շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով․ Սեյրան Օհանյան

Նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով․ Սեյրան Օհանյան

Բանակն այն կառույցն է, որը միշտ կազմակերպչական առումով տարբերվել է մնացած կառույցներից, բանակն ամենամեծ հնարավորություններն ունի ինքնակազմակերպվելու․ և այսօր էլ այդ ինքնակազմակերպման շուրջը պետք է հավաքվենք, որ այս հոգեբանական իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է tert.am-ը։

Նրա խոսքով՝ այս 30 տարվա ընթացքում, իհարկե, ունենալով բազմաթիվ բացթողումներ, այնուամենայնիվ  ստեղծվել են անվտանգային համակարգն ու բանակը, իշխանության բոլոր թևերը, և այդ բոլոր ուղղություններով առաջընթաց եղել է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեծահոգությունն ու հնարամտությունն է տեսնել լավը, տեսնել հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել և քանդելուց հետո, առավել ևս չիմանալով թե ինչպես են պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ քայլեր իրականացնել բոլոր ուղղություններով: Սա է արվել պետական կառավարման վերջին 2.5 տարիներին: Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացների ընթացքում չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս ամբողջ 30 տարիների ընթացքում այդ գործընթացը առաջ են տարել, ինչ-որ բանի են հասել, ինչ-որ մի արդյունք են գրանցել՝  թեկուզ փխրուն, բայց ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունը կարգավիճակը պահպանվել է»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝  նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով:

Օհանյանն ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի դերն այս պատերազմում շատ ցածր է եղել: ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է բոլոր օղակները պարբերաբար, մշտապես օգտագործեր պատերազմական ժամանակահատվածում կառավարումն իրականացնելու համար, իսկ Անվտանգության խորհուրդն այն վայրն էր, որտեղ որ համապատասխան որոշումներ պետք է ընդունվեին:

«Պետական մակարդակի մարդիկ պարտավոր էին վերախմբավորումներ իրականացնել և փակել այն ճեղքը, որը մխրճված վայրից 283 կմ բերեց,հասցրեց մինչև Շուշի, մնացածից՝ մոտ 265 կմ-ից, մեզ այսօր մնացել է միայն 100 կմ հատված, մնացած բոլորը մենք պետք է 0-ից կառուցենք: Մեր ազգային գաղափարախոսության մեջ խախտվել է այն առանձահատկությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը միասնական է: Այս իշխանության օրոք վտանգի պահին մենք միասնական չեղանք, հակառակը՝ Ալիևը հոխորտաց, ինքն սկսեց պատրազմը և ինքն էլ իր պատերազմն անվանեց հայրենական, փոխանակ մենք այդ ամեն ինչը հակադրեինք և համախմբեինք մեր ժողովրդին՝ հայրենական պատերազմ վարելու համար»,- ասաց նա:

Օհանյանը հավելեց, որ փոխարենը մենք մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, ազգային հերոսի կոչումներ և այլն: «Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, և նաև խրախուսել ենք այդ ամբողջ նահանջը: Ահա սա է այն ճանապարհը, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք»,- շեշտեց նա:

Օհանյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ստորաբաժանում ձախողվում է, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի իշխանությունը։

«Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ», - ընդգծեց նա:

 

  • Կիսվել: