Կստեղծվի ապրանքի ծագման որոշման առավել հստակ և միասնական իրավական կարգավորում
Գործադիրը սահմանել է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը։
Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել միասնական, հստակ և կանխատեսելի ընթացակարգեր։
Մասնավորապես՝ նախատեսվում է հստակ տարանջատել ապրանքի ծագման փորձաքննության իրականացումը և ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը։
Նախատեսվում է սահմանել փորձաքննության իրականացման փուլային ընթացակարգ, որը ներառում է դիմում-հայտարարագրի ընդունումը և գրանցումը, ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունը, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների պահանջումը, փորձաքննության իրականացումը, անհրաժեշտության դեպքում՝ տեղում ուսումնասիրության անցկացումը, արդյունքների փաստաթղթավորումը և փորձաքննության ակտի տրամադրումը։
Միաժամանակ սահմանվում են նշված գործողությունների իրականացման կոնկրետ ժամկետներ՝ ապահովելով դիմողների համար գործընթացի կանխատեսելիությունը և վարչարարության արդյունավետությունը։ Բացի դրանից՝ ներդրվում է նաև ապրանքի ծագման որոշման ռիսկահեն մոտեցում։ Նախատեսվում է նաև ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման գործընթացի թվայնացում։



