չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել

Նախագահն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն առարկություններով հետ չի ուղարկել

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առարկություններով հետ է վերադարձրել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Պետրոսյանը։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» և որոշում կայացրեց պաշտոնից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Նշենք նաև, որ եթե ՀՀ նախագահը առարկություններով հետ ուղարկի որոշումը, «Զինծառայության և զինծառայողների մասին» օրենքի համաձայն՝ նախագահի առարկությունները ստանալուց հետո վարչապետը 5 օրվա ընթացքում կա՛մ պետք է առարկություններն ընդունի, կա՛մ կրկին հետ ուղարկի առաջարկը նախագահին։ Դրանից հետո միայն նախագահը 3 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն իր հերթին պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնի՝ արդյո՞ք Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը համապատասխանում է Սահմանադրության նորմերին, թե՞ ոչ։

  • Կիսվել: