Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի
Վերջերս տեղի ունեցավ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Մի քանի օրվա տարբերությամբ այդ այցելությանը նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան: Եթե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Պեկրեսին ընդունեց իր նստավայրում, ապա Զեմուրի պարագայում որևէ նման ընդունելություն կամ հանդիպում չեղավ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնեցին հետևյալը.
Նշենք, որ խոսքն այստեղ ոչ թե Ֆրանսիայի նախագահի այս կամ այն թեկնածուի հետ հանդիպման, այլ Ֆրանսիայից ժամանած պաշտոնական պատվիրակության այցի մասին է, որը գլխավորում էր Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի` Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի շրջանային խորհրդի գործող նախագահ տիկին Վալերի Պեկրեսը: Այդ շրջանի հետ մենք ունենք տասնամյակների արդյունավետ համագործակցություն:
Ֆրանսիացի լրագրող, մեկնաբան Էրիկ Զեմուրի պարագայում նման դիմում կամ հանդիպման առաջարկ ՀՀ նախագահի գրասենյակը պաշտոնապես չի ստացել»: