հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել», - այս մասին Araratnews.am-ի հարցին ի պատասխան հայտնեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է: Մասնակցելու են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ», - նշել է Բադալյանը։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նաև տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, ինչի շնորհիվ կապահովվի ՄԱԿ-ի Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարների հեռավար մասնակցությունը․ «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր ՀՀ ԱԳ նախարարի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, որում հայցվել է սահմանված ժամկետում հաստատել մասնակցությունն՝ անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել»:

 

  • Կիսվել: