շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան խմբի պատվիրակությանը

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով խորհրդարանականներին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի ընդլայնել մեր հարաբերությունները, նոր բնագավառներ ընդգրկել»,- ասել է նախագահը:

Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունելության համար և շեշտել, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:

Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված նախահարձակ գործողություններին և դրանց հետևանքներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան հարված է հասցնում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման օրակարգին:

  • Կիսվել: