շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նաիրա Զոհրաբյանը դիմել է համանախագահներին Տավուշի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցմանն փորձի կապակցությամբ

Նաիրա Զոհրաբյանը դիմել է համանախագահներին Տավուշի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցմանն փորձի կապակցությամբ

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին Ադրբեջանի կողմից երեկ Տավուշի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցմանն փորձի կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասվում է.

«Լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին։ ՄԱԿի-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ արեց պատերազմող կողմերին ամբողջ աշխարհում՝ վայր դնել զենքերն ու դադարեցնել պատերազմները՝ համախմբելով ողջ ուժերը COVID-19-ի դեմ պայքարի համար։ Ժամանակն է զինված բախումը դնել փականի տակ եւ միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը սատարեց ու միացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ դադարեցնել պատերազմները, որովհետեւ այս վիրուսի կատաղությունն ի ցույց դրեց ցանկացած պատերազմի հիմարությունը։

Ու ահա այս ֆոնին երեկ, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ձեռնարկեց հերթական դիվերսիոն ներթափացնման փորձը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով սահմանային Ոսկեւան եւ Բաղանիս գյուղերը։ Ադրբեջանական հերթական դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորվել է երկու զինծառայող եւ Ոսկեւան համայնքի 15-ամյա երեխա, ով այդ պահին գտնվել է իր տան պատշգամբում։ Փաստորեն, գլոբալ համաճարակի ֆոնին, երբ անտեսելով համամարդկային համակեցության բոլոր հնարավոր խաղի կանոնները, թքելով միջազգային իրավունքի բոլոր նորմերի վրան, թքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Հռոմի պապի՝ «պանդեմիկ զինադադար» հայտարարելու մարդասիրական կոչի վրա, Արդբեջանը կրկին աշխարհին ի ցույց դրեց իր ռազմատենչ ու ագրեսոր դեմքը։

Մեկ բան հստակ է՝ Ադրբեջանի ռազմատենչությունն ու խելահեղությունը շատ ավելի վտանգավոր է ցանկացած համաճարակից։ Ու սա կասեցնել է պետք։ Ես ակնկալում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԽ գլխավոր քարտուղարն ու ԵԽԽՎ նախագահն անմիջապես կարձագանքեն Ադրբեջանի հերթական դիվերսիոն արկածախնդրությանն ու «պանդեմիկ զինադադարի» խախտմանը։ Ձեր լռությունն աշխատում է ագրեսորի օգտին»։

  • Կիսվել: