երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նա գտնվում է լիակատար մեկուսացման մեջ». փաստաբանը CNN-ին հայտնել է` որտեղ է պահվում Նավալնին

«Նա գտնվում է լիակատար մեկուսացման մեջ». փաստաբանը CNN-ին հայտնել է` որտեղ է պահվում Նավալնին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պահվում է Մոսկվայի արևելքում գտնվող Վլադիմիրի շրջանի Կոլչուգինո քաղաքի «կալանավայր-3»-ում, CNN-ին հայտնել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը:

Կոբզևի խոսքով՝ ինքն այցելել է Նավալնիին, որտեղ վստահորդը, որը ներկայում գտնվում է կարանտինում, ժամանակավորապես կպահվի նախքան բանտ տեղափոխվելը:

«Ալեքսեյ Նավալնին կարանտինային խցում է: Բացի նրանից, խցում են ևս երկու անձ: Նա գտնվում է լիակատար մեկուսացման մեջ, նամակներ չի ստանում, FSIN-Letter համակարգը (բանտարկյալներին էլեկտրոնային նամակներ ուղարկելու գործիք է,- Tert.am) անջատված է պահման վայրի համար: Առկա է միայն հեռուստացույց, սառնարան,նույնիսկ թեյնիկ չկա», - մանրամասնել է Կոբզևը։ 

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: 

Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել այն իրական դատավճռով, այն է՝ 3,5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին` Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապօգնության հիվանդանոց:

Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ գործող իշխանությունները:

  • Կիսվել: