ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոտակա ամիսները վճռական են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում. Մաքրոն

Մոտակա ամիսները վճռական են Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում. Մաքրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը ՛՛Ատլանտյան խորհուրդ՛՛ հաստատության հետ առցանց հանդիպման ընթացքում անրադարձել է միջազգային մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին, գրում է  ՛՛Ամերիկայի ձայնը՛՛։

Ֆրանսիայի նախագահի խոսքերով Թուրքիան ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ՝ հիշեցնելով երկու տարի առաջ թուրքական զորքերի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում ընդդեմ քրդական զորամիավորումների:

Նախագահ Մաքրոնը շեշտում է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում կայացրեց ռազմական գործողություններ սկսելու մասին` առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ համաձայնության՝ անտեսելով անգամ այն փաստը, որ Սիրիայում են տեղակայված դաշնակից ուժերը: Նրա պնդմամբ, թուրքական զինված ուժերը, փաստորեն, ինքնուրույն ռազմական գործողություններ են սկսել այն տարածքում, որտեղ գտնվել են իր դաշնակիցները: Ռազմական գործողությունների թիրախում էին քրդական զորամիավորումները, որոնք կոալիցիոն ուժերի դաշնակիցներն էին և մնացած ուժերի հետ պատերազմում էին Դաեշ-ի ու այլ ահաբեկչական խմբերի դեմ: Մաքրոնը հիշեցնում է, որ Թուրքիան մեղադրում է քրդական ուժերին PKK-ի հետ կապ ունենալու մեջ: Որոշ դեպքերում, ըստ նրա, մեղադրանքը ունի հիմքեր:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով, սակայն, Թուրքիայի նման վարքագիծը հարված էր ՆԱՏՕ-ի հեղինակությանը, քանի որ չհամակարգված գործողությունները որևէ մեկին չեն կարող վստահություն ներշնչել տվյալ դաշինքի մեջ: Անկարայի նման վարքագիծն, ըստ Մաքրոնի, արդյունք է նաև նրա, որ ԱՄՆ-ը այդ ժամանակ որոշում կայացրեց սիրիական պատերազմի թատերաբեմից ռազմական ուժերը դուրս բերելու մասին :

‘’Դրանից հետո Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, արևելյան Միջերկրածովում ականատես եղանք Թուրքիայի նման սիստեմատիկ վարքագծի, ինչը բարեկամական քայլ չէր դաշնակիցների ու գործընկերների հանդեպ, այլ հետապնդում էր Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրավիճակը հանգուցալուծելու նպատակ’’, ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս ամենը, ըստ նրա, առաջ է քաշում բազմաթիվ կոնցեպտուալ հարցեր ՆԱՏՕ-ի արդյունավետության և դերակատարության մասին:

Մաքրոնի խոսքերով, 2020 թվականի ընթացքում Ֆրանսիան իր դաշնակիցների հետ մեծացրեց ճնշումը, որի հետևանքով արձանագրվեց որոշակի դրական առաջընթաց: Մոտակա ամիսները չափազանց վճռական են այս հարցում, շեշտում է նախագահ Մաքրոնը: Նա ողջունում է վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունները:

Իրավիճակի որոշակի փոփոխությունը նա կապում է ԵՄ որոշ քայլերի, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգրավվածության մակարդակի մեծացման ու նոր վարչակազմի որդեգրած քաղաքականության հետ, որը հենվում է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության դասական մոտեցման վրա:

Մաքրոնը հույս է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի գրանցել նոր արդյունքներ: Այս առումով նա անհրաժեշտ է համարում մի շարք հստակ քայլերի իրականացումը, որոնց թվում է Լիբիայում իրավիճակի կարգավորումը, թուրքական զորքերի դուրս բերումն այնտեղից, Սիրիայից Լիբիա Թուրքիայի կողմից տեղափոխված հազարավոր ջիհադիստների հեռացումը, Սիրիայի հարցում Թուրքիայի մոտեցումների համապատասխանեցումը դաշնակից ուժերի հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և արևելյան Միջերկրածովում լարվածության նվազեցումը:

Նա կրկին կարևորեց ԱՄՆ-ի ներգրավվածության վերականգնումը ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակում, որի շնորհիվ, ըստ Ֆրանսիայի առաջնորդի, ՆԱՏՕ-ն կարող է հանդես գալ ոչ միայն որպես ռազմական խոշոր դաշինք, որը միավորում է զինված ուժերը, այլ նաև որպես քաղաքական մարմին, որը ներդաշնակություն է հաղորդում քաղաքական ուղեգծին և համակարգում քաղաքական քայլերը:

  • Կիսվել: