շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայում հանդիպում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև. Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Մոսկվայում հանդիպում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև. Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական բաժինը:

«Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն արդեն մեկնել է Մոսկվա: 

Հանդիպումը կազմակերպվում է ռուսական կողմի նախաձեռնությամբ: 

  • Կիսվել: