հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մնացականյանը իր ելույթներում մշտապես ընդգծել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. Ա. Նաղդալյանը՝ նախարարի ելույթի հայերեն տարբերակի վրիպակի մասին

Մնացականյանը իր ելույթներում մշտապես ընդգծել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. Ա. Նաղդալյանը՝ նախարարի ելույթի հայերեն տարբերակի վրիպակի մասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Բրատիսլավայում հնչեցրած ելույթի հայերեն թարգմանության մեջ տեղ է գտել վրիպակ, որը նկատելուն պես հեռացվել է։ Այս մասին PrimeNews-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Մնացականյանի ելույթի անգլերեն և հայերեն տեքստային տարբերակներում տարբերությանը։

«Ելույթն եղել է անգլերեն, ուստի օրիգինալն անգլերեն տարբերակն է»,- ընդգծել է նա։

Նշենք, որ ելույթի հայերեն տարբերակում տեղ էր գտել՝ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը» նախադասությունները, որոնք անգլերեն օրիգինալում չկային։ Այս փաստը հանրային որոշ ակտիվիստների և փորձագետների շրջանում տարակուսանք առաջացրեց և նրանք հայտարարեցին, որ դա միտումնավոր արված քայլ էր՝ ներքին լսարանին մոլորության մեջ գցելու համար։

Այս կապակցությամբ Նաղդալըանը PrimeNews-ին մասնավորապես ասաց․

«Ընդգծեմ, որ ԱԳ նախարարը իր ելույթներում և հանրային խոսքում մշտապես ընդգծել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. որպես վերջին օրինակներից մեկը ցանկանում եմ վկայակոչել ԱԳ նախարարի BBC Hard Talk-ին տված հարցազրույցը»։

Նշենք, որ անգլերեն տարբերակում տեղ էր գտել հետևյալ ձևակերպումը.

«Fifth, peaceful settlement cannot take place in an environment of tensions and risks of escalation. Therefore the 1994 and 1995 ceasefire agreements concluded between Azerbaijan, Nagorno Karabakh and Armenia should be strictly adhered to and strengthened. Risk reduction mechanisms, including the OSCE mechanisms investigating ceasefire violations and monitoring ceasefire regime, including by way of expanding the office of the PRCiO should be implemented.»:

Մինչդեռ հայերեն սկզբնական թարգմանությունը ձևակերպված էր այս կերպ՝

«Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»։ 

Հավելենք, որ վրիպակը նկատելուն պես հեռացվել էր:

  • Կիսվել: