Մնացականյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
Մենք անում ենք այն, ինչ որ գնահատում ենք։ Եվ գնահատականի հիման վրա էլ արել ենք մեր գործառույթը։ Շարունակելու ենք անել այնպես, ինչպես գնահատում ենք։ Այս մասին այսօր ԱԺ նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մեր օրակարգում կա՞ ՀԱՊԿ-ին դիմելու հարց:
Հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն կա՞, թե ոչ, որովհետև ՀԱՊԿ-ի մաս կազմող առնվազն երկու երկիր՝ Բելառուսը և Ղազախստանը, անմիջապես տնտեսական գործընկերներ են Ադրբեջանի հետ, և արդյոք պաշտոնական Երևանը մտավախություն չունի՞, որ եթե դիմի ՀԱՊԿ-ին, նրանք կհրաժարվեն պայմանագրի կանոնադրության համաձայն ապահովել Հայաստանի անվտանգությունը, Մնացականյանը նշեց. ՛՛Նորից պետք է կրկնեմ, որ Ձեր հարցը խորը վերլուծությունների և առանձին երկար քննարկումների, սեմինարների հարց կարող է լինել։ Բայց պարզ և հստակ պատասխանն այնպես է, ինչպես ես արտահայտեցի քիչ առաջ․ մենք մեր քայլերը իրականացնում ենք այնպես, ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում արդյունավետության, արագության առումով՛՛։
Լրագրողները հիշեցրին, որ պարոն Բաբաջանյանը՝ անկախ պատգամավոր, «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր կարծիքով, իհարկե դա վերջում ձևակերպել էր որպես համոզմունք՝ հիմնված բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր վերջին հանդիպումներից ստացած եզրակացության վրա, և ասել էր, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, որովհետև Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀԱՊԿ-ին չդիմել, ձեռնպահ մնալ այդ քայլից։
Այս դիտարկմանն ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. ՛՛Մենք պարոն Բաբաջանյանի հետ շփվում ենք և աշխատում ենք, քննարկում ենք բազմաթիվ հարցեր և շարունակելու ենք դա անել միասին՛՛:
Նա անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև հավանական հանդիպմանը. ՛՛Չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է։ Երբ որ կնախատեսվի, բնականաբար, կասեմ՛՛։ Նույնը նա նշեց ԱԳՆ-ների մակարդակով հանդիպման մասին:
՛՛Գիտեք, վերջին անգամ հանդիպումը Ժնևում էր։ Աշխատանքը առօրյա է այդ առումով, և բոլոր մակարդակներով համանախագահների հետ մեր աշխատանքները շարունակվում են՝ ըստ անհրաժեշտության։ Ամեն ինչն իրավիճակային է, բնականաբար, կրկնեմ՝ այդ իրավիճակային զարգացումների մեջ մենք հիմա հետապնդում ենք շատ հստակ նպատակներ։ Այդ հստակ նպատակներն արտահայտված են չորս կետերի մեջ, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի հայտարարությունների մեջ՛՛,-ասաց նախարարը: