չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԼՂ հարցում կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը

Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԼՂ հարցում կարևորել են խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք առաջիկա քայլերին։ 

Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։ 

Զրուցակիցներն անդրադաձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ փոխանակեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ։ Այդ համատեքստում զրուցակիցները կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: 

  • Կիսվել: