Միրզոյանը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դերակատարութան մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին։
Հարցին՝ արդյոք Ֆրանսիան և ԱՄՆ այսօր որևէ իրական դերակատարութուն ունեն հակամարտության կարգավորման գործընթացում, նախարարը նշել է․
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամներ, մշտապես իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
44-օրյա ագրեսիայի ընթացքում համանախագահ երկրները ջանքեր են գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, ինչի արդյունքում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի և հոկտեմբերի 25-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության գոտում հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները, ինչպես նաև՝ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը, տեղում ստեղծված մի շարք հումանիտար խնդիրների հասցեագրմանը։ Այս համատեքստում հիշեցնեմ 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։ Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանը»:
Խոսելով հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման մասին, ԱԳՆ ղեկավարն ասել է․
«Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային առնչությունների և բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ հարաբերություններ։ Ֆրանսիայի հետ առկա է բարձրաստիճան քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որն ակտիվ է նաև օրենսդիր մարմինների և տեղական իշխանությունների մակարդակով։ Մեր երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, իսկ պատերազմի հետևանքների և համաճարակի դիմակայման համատեքստում նաև՝ հումանիտար փոխաջակցությունը։
Ֆրանսիան առաջատարներից մեկն է Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների առումով։ Հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն իր 20-ամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հայաստանյան շուկայում բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստող դարբնոցի հեղինակություն։
Ֆրանսիան առաջինն է, որ օրենքի ուժով ճանաչե է, և Հայաստանի կողքին ապրիլի 24-ը որպես հիշատակի ազգային օր ոգեկոչող բացառիկ երկրներից է:
Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ֆրանսիան թե' հասցեական հայտարարություններով, թե' պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերով ու համազգային բացառիկ համերաշխությամբ մշտապես մեր կողքին է եղել, որն, ի դեպ, արտացոլվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, ինչպես նաև շուրջ հարյուր շրջանների, դեպարտամենտների և քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման և արցախահայությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներում։ Օրեր առաջ էլ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող ընդարձակ հատվածներից մեկը, որտեղ տեղակայված են Կոմիտաս Վարդապետի արձանը և Երևանի այգին, անվանակոչվեց Հայաստանի էսպլանադ՝ ի նշան հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և Հայաստանի ու հայ ժողովրդի համար դժվարին փորձություններով լի այս ժամանակաշրջանում՝ ի նշան Ֆրանսիայի սատարման։
Ֆրանսիան որպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին առանցքային դերակատարում ոնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, և մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։
Ֆրանսիայի հետ մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել համագործակցության օրակարգը, ուստի կարող եմ ասել, որ այս հարցում հեռանկարները հստակ են, քանի որ միջպետական ամենաբարձր մակարդակով առկա է մեր ակնկալիքների և պատրաստակամության լիարժեք փոխադարձություն»:



