կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը:

Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և Հայաստանում շատ լավ են հասկանում փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման, մարդկանց միջև հաղորդակցությունը խորացնելու կարևորությունը։

«Բացի դրանից, մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը:

Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին:

«Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած սկզբունքները՝ Միրզոյանը նշել է, որ ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ «Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն երկրների ազգային օրենսդրության շրջանակներում՝ իհարկե, մտքում ունենալով ընթացակարգերի պարզեցումը։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, մենք պարզեցված ընթացակարգերի կարիքն ունենք։ Կան ժամանակակից լուծումներ, կան ժամանակակից տեխնոլոգիաներ։ Եթե քաղաքական կամքը լինի, մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ ցանկացած քայլ պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

 

  • Կիսվել: