հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի մասին խոսելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Բաքուն կառուցողական երկխոսության պատրաստակամություն ցուցաբերի. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Ria.ru-ին

Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի մասին խոսելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Բաքուն կառուցողական երկխոսության պատրաստակամություն ցուցաբերի. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Ria.ru-ին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականապես լուծված չէ, եւ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի մասին խոսելը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Բաքուն կառուցողական երկխոսության պատրաստակամություն ցուցաբերի։ Այս մասին Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

"Նախքան խաղաղ համաձայնագրի մասին խոսելը, անհրաժեշտ է արձանագրել պարզ փաստ. ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծված չէ։ Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով։ 2020թ. սեպտեմբերին ռազմական ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտել է հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը  ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը", - ասել է ԱԽ քարտուղարը ։

Նա ընդգծել է, որ կան սկզբունքներ, որոնց համաձայնեցումը տեղի է ունեցել տարիներ շարունակ, եւ դրանց վրա պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը:

"Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնց վերջին համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա "սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են կողմերին",-ասել է Գրիգորյանը:

Քաղաքական գործիչը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը "ոչ միայն հերքում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ փաստը, այլեւ փորձում է ամեն կերպ խորացնել երկու ժողովուրդների միջեւ թշնամանքը"․

"Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված "ռազմավարի պուրակը", զառանցանքային հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում է հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը Արցախի օկուպացված տարածքներում, պղծում է ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի զինվորների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպես կարելի է մտածել խաղաղ պայմանագրի մասին։ Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ռացիոնալ քայլեր ձեռնարկի և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ համաձայնագրի մասին"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: