ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայել Մինասյանը ոտքից գլուխ միֆ է, թող զբաղվի իրեն մեղսագրվող հանցագործություններով․ Ալեն Սիմոնյան

Միքայել Մինասյանը ոտքից գլուխ միֆ է, թող զբաղվի իրեն մեղսագրվող հանցագործություններով․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե պետք է ապամիֆականացնել «Մարտի 1»-ի, Ապրիլյան պատերազմի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը։

«Միքայել Մինասյանը ոտքից գլուխ միֆ է։ Թող զբաղվի իրեն մեղսագրվող հանցագործություններով, դրանք մեկնաբանելով, և այլ իրականության մեջ գտնվող ռոմանտիկ նկարների ներքո արվող հայտարարությունները երկար ժամանակ է՝ չեմ կարդում, վերնագիր եմ տեսնում, ժպտում ու անցնում եմ։ Թող զբաղվի իր բարեկամների միլիարդների և այն գումարների, որը հավաքվել է, և որը ինքը ծախսել է տարբեր տեղեր, թող դրանով զբաղվի, և ես վստահեցնում եմ իրեն, որ ինքը դրա բացատրությունը տալու է, և իրեն չի օգնելու այն բանը, որ ինքը գտնվում է արտերկրում»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ և՛ Մինասյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ նախկին իշխանության ընթացքում հարստացած շատ այլ պաշտոնյաներ, հասկանալով, որ քրեական հետապնդում է լինելու իրենց նկատմամբ, փորձում են քաղաքական գործունեություն ծավալել։

«Գնում են ԵԺԿ, ելույթներ են ունենում, հարցազրույցներ են տալիս լրագրողներին, որ նախկինում չէին տալիս՝ կարծելով, որ դա իրենց հնարավորություն կտա խուսափել պատասխանատվությունից։ Ներկայացնում են, որ դա իբր արվում է իրենց քաղաքական դիրքորոշումներից ելնելով, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդին խաբել չի լինի։ Իրենք շատ լավ գիտեն՝ Միքայել Մինասյանն ով ա, Սերժ Սարգսյանը ով ա, և մնացած մարդակերներն ովքեր են»,- նշեց Սիմոնյանը։

  • Կիսվել: