ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինսկի խմբի ձևաչափի ապագան. Մոսկվայում համանախագահները քննարկել են միջնորդական ջանքերի համակարգման հարցը

Մինսկի խմբի ձևաչափի ապագան. Մոսկվայում համանախագահները քննարկել են միջնորդական ջանքերի համակարգման հարցը

Եռակողմ հրադադարի կնքումից հետո, ՄԽ համանխագահների ձևաչափի ապագան շարունակում է մնալ կարևոր հարցերից մեկը: Հետագա միասնական հնարավոր ջանքերի շուրջ քննարկումներ անցան Մոսկվայում, գրում է "Ամերիկայի ձայնը

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչն այսօր կրկին վերահաստատել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում, ֆրանսիացիների հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին ԼՂ խաղաղ կարգավորման հարցում: ՛՛Մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ՛՛,- ասել է պետքարտըուղարության բարձրաստիճան դիվանագետը: Բացի այդ, այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոն, ով այցով գտնվում էր Վրաստանում, տեղի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում շնորհակալություն է հայտնել Վրաստանին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու համար:

Այդ ընթացքում Մոսկվայում ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ: ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ այս հարցով համանախագահների հետ հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ ՌԴ ԱԳՆ, քննարկվել է ԼՂ-ում և նրա շուրջը տիրող իրավիճակը հրադադարի հաստատումից հետո, ինչպես նաև համանախագահող երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցեր:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը ընդգծում է՝ ակնհայտ է, որ այս հրադադարի գործընթացն առաջնորդում էր Ռուսաստանն ի դեմս իր արտգործնախարար Լավրովի, ով, ըստ նախկին համանախագահի, չափազանց լավ տիրապետում է այս հակամարտությանն ու տարածաշրջանի խնդիրներին:

՛՛Ցավալի է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները փաստորեն դուրս են մնացել այս զարգացումմներից, բայց դեռևս ուշ չէ: Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պետք է երաշխավորի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև միջազգային հանրությունը, և դա ներառում է ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը՛՛,- կարծում է նա:

Նախկին համանախագահը նշում է, որ կորոնավիրուսի համավարակն ու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները հանգեցրեցին Վաշինգտոնի ավելի պասիվ դերին: Բացի այդ, մի շարք հանգամանքներ, ներառյալ աշխարհագրական, նպաստեցին Մոսկվայի ակտիվությանը և հրադադարի հաստատմանը: Եթե Մոսկվան դա չաներ, վստահ չեմ, որ հրադադար հաստատվեր, ասում է Ուորլիկը: Այսուհանդերձ նա կարևորում է ապագայում համանախագահների դերն ու ԵԱՀԿ ներգրավվածությունը ԼՂ հարցում:

՛՛Մենք ունենք համաձայնագրի շրջանակ, որի մանրամասները պետք է ճշգրտվեն: Կարևոր է, որ միջազգային հանրությունը շարունակի իր ներգրավվածությունը՛՛,- ասում է նախկին համանախագահը:

Բանակցային նոր գործընթացում անհրաժեշտ է կենտրոնանալ կարգավորման բազմաթիվ դետալների վրա, նշում է Ուորլիկը, որոնցից է հատկապես ԼՂ կարգավիճակը, որի շուրջ պետք է համապարփակ քննարկում անցկացնել: Դեսպանի մատնանշած այլ խնդրրների շարքում են փախստականների, ապառազմականացման, ականազերծման, հրադադարի հայտարարության մեջ նշվող Նախիջևանի միջանցքի հետ կապված բազմաթիվ հարցեր: Նա կարևորում է ենթակառուցվածքների վերականգնումը՝ հիշատակելով իր համանախագահության օրերին ակտիվորեն քննարկվող երկաթուղային կապի վերականգման նախագիծը, որն, ըստ նրա, պետք է քննարկել բանակցային սեղանի շուրջ:

Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով էլ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շուրջ դեռևս առկա է անորոշություն:

՛՛Մինսկի խմբի ապագան, այս պահին կարծես կախված է օդում'',- ասում է նա:

Տեղի ունեցած զարգացումներն ու նոր իրավիճակի հաստատումը նրա կարծիքով կտրուկ փոխեցին հակամարտության գոտու պատկերը, սակայն այդպես էլ չկարգավորեցին հակամարտությունը:

՛՛Ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ դա կարող է ապահովել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն, քանի որ գոյություն չունի համապարփակ վերջնական կարգավորում ԼՂ-ի կարգավիճակի շուրջ՛՛,- ասում է Հոգլանդը:

Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում` նախկին դեսպանը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը կպահպանի իր անկախ դերակատարումը Թուրքիայից, քանի որ հետխորհրդային երկրների համար անկախությունը չափազանց կարևոր արժեք է: Էրդողանին, իհարկե, չի հաջողվի վերականգնել Օսմանյան կայսրությունը, այնպես, ինչպես Պուտինը չի կարող վերականգնել Խորհրդային Միությունը, շեշտում է Հոգլանդը՝ ընդգծելով, որ այսօր տարածաշրջանում առկա են երկու հզոր խաղացողներ, որոնք պայքարում են ազդեցության գոտիների համար: Նա կարծում է, որ Կրեմլի հաշվարկներն ուղղվածն են նրան, որ Թուրքիան չստանա ավելին, քան արդեն ստացել է այս հակամարտությունից:

  • Կիսվել: