երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչև աշուն Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն լինի

Մինչև աշուն Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն լինի

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: Թե որ համայնքներում կլինեն ընտրություններ՝ նախարարությունից չհստակեցրին:

Խնդիրն այն է, որ նախ կորոնավիրուսով, ապա նաեւ պատերազմով պայմանավորված Հայաստանում մեկ տարուց ավելի է՝ ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում:

Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, վերջին անգամ համայնքի ղեկավարի ընտրություն անցկացվել է 2020 թվականի մարտի 3-ին՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Տուֆաշեն եւ մի շարք այլ համայնքներում:

Բազմաթիվ այլ համայքներ, որտեղ կամ լրացել է համայնքի ղեկավարների լիազորությունների ժամկետը կամ նրանք հրաժարական են տվել ժամկետից շուտ, բավական երկար ժամանակ է՝ ընտրովի պաշտոնները թափուր են:

Օրինակ, Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի փետրվարի 15-ին: Սա նշանակում է, որ այս տարվա փետրվարի 22-ին լրացել են այդ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում:

Այս հանգամանքը մի շարք համանքներում խնդիրներ է առաջացել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքական գործիչները:


Խոսքն, օրինակ, համայնքների բնականոն գործունեությունը խաթարվելու մասին է. ավագանու չգործելու դեպքում չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման:

Սրանով պայմանավորված, նույնիսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Առաջարկվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ թույլ տալ այն համայնքներում, որտեղ ավագանու լիազորությունները լրանում են, իսկ ընտրություն չի անցկացվում՝ ունենալ ներկայացուցչական մարմին և լուծել համայնքային բազմաթիվ խնդիրներ:

Հայաստանում նախորդ տարվա սեպտեմբերից հայտարարված ռազմական դրությունը այս տարվա մարտի 24-ին վերացվեց: Թեեւ նման պարագայում վերը նշված նախագծի կարիքն, ըստ էության արդեն չկա, բայց չի բացառվում, որ այն ամեն դեպքում ընդունվի:

Մինչ այդ, ՏԻՄ ընտրություններ տեղի չեն ունենա սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:

Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը մեր զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ երբ Իջեւանում կլինեն ընտրություններ, ամեն դեպքում մտածում է, որ դրանք կլինեն խորհրդարանական ընտրություններից հետո:

Հիշեցնենք, որ Իջեւանում 2019 թվականի սեպտեմբերի 14-ից քաղաքապետի գործառույթները կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը: Երկու անգամ այդ ընթացքում ընտրություններ են նշանակվել, որոնք, սակայն, տեղի չեն ունեցել: Նախ, այդ ընտրությունը նշանակվեց 2019-ի դեկտեմբերի 8-ին սակայն պայմանավորված համայնքների խոշորացման իրականացմամբ, Կառավարությունը նպատակահարմար համարեց համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները նշանակել համայնքի միավորման գործընթացից հետո։ Ընտրության օր նշանակվեց 2020-ի մարտի 15-ը, որն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված: Առաջիկա օրերին կլրանա նաեւ, օրինակ, Թալին համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը: ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը քաղաքապետ էր ընտրվել 2016-ի ապրիլի 17-ին: Թալինում եւս, հավանաբար, համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը կերկարաձգվի:

 

  • Կիսվել: