երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չկա. Ռուբինյան

Մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չկա. Ռուբինյան

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցությունը և խմբակցությունը, կառավարությունը մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չունեն։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք փոխել հիմնը և զինանշանը։ Ես չեմ ուզում փոխել հիմնը և զինանշանը։ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցությունը և խմբակցությունը և կառավարությունը մինչ այս պահը հիմնը, զինանշանը փոխելու որոշում չունեն՛՛:

Ռուբինյանն անդրադարձել է նաև Հայոց պատմություն առարկայի հնարավոր վերանվանմանը՝ ասելով. ՛՛Հայոց պատմության առարկայի վերանվանումը, ես կարծում եմ՝ այն փաստը, որ դա ընդդիմության քննարկման հիմնական թեմաներից է, խոսում է ընդդիմության քաղաքական ասելիքի բացակայության մասին, որովհետև, կարո՞ղ եք ինձ բացատրել՝ Հայաստան բառի մեջ որևէ խնդիր կա՞, Հայաստանը մեր պետությունն է, չէ՞, մեր հայրենիքն է...

Ընդ որում՝ Հայաստանը և՛ ներկայիս հայրենիքն է, և՛ ընդհանրապես պատմության մեջ էլ միշտ Հայաստանը եղել է մեր հայրենիքը։

Ի՞նչ խնդիր կա, որ առարկան կոչվի ՛՛Հայաստանի պատմություն՛՛։ Արդյոք հայ ժողովրդի ամբողջ պատմությունը պատմությու՞ն չէ մի ժողովրդի մասին, որն անընդհատ փորձում է ստեղծել պետականություն, անկախանալ և պահել իր անկախությունը։ Այսինքն՝ ստեղծել պետություն և պահել այդ պետությունը։

Փաստ է այն, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է։ Դա չի նշանակում, որ Արարատ լեռը մեզ համար սիմվոլիզմ չունի, ընդ որում՝ սիմվոլիզմ ունի և՛ կրոնական տեսանկյունից, և՛ ավանդական տեսանկյունից՛՛:

  • Կիսվել: